ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Սա Երևանն է, այստեղ մենք տանն ենք

Սա Երևանն է, այստեղ մենք տանն ենք
14.10.2008 | 00:00

ՏՈՆ, ՈՐ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է
Արդեն 40 տարի աշնանային Երևանն իր ծննդյան հերթական տարեդարձն է նշում՝ ամեն անգամ նոր ու ջահելացած ներկայանալով ոչ միայն մեզ՝ տանտերերիս, այլև աշխարհի տարբեր ծագերից ժամանած հյուրերին։ Նախորդների համեմատ այս տարին առանձնահատուկ էր այնքանով, որ հոբելյանական էր. հինավուրց Հայաստանի մայրաքաղաքը 2790 տարեկան դարձավ։ Տոնական հանդիսությունները սկսվեցին հոկտեմբերի 10-ին՝ հոբելյար Երևանի գլխավոր հրապարակներից ու շարունակվեցին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տոնականորեն շենշող դահլիճում։ Երևանի քաղաքապետարանի հոգածու ձեռքով կազմակերպված ինքնատիպ միջոցառմանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, տեր և տիկին Ռոբերտ և Բելլա Քոչարյանները, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Ազգային ժողովի պատգամավորներ, հայ մտավորականության սերուցքը։
«Երևանի օրեր» հանդիսության պաշտոնական «արարը», տանտիրոջ լիարժեք իրավունքով, բացեց Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը։
«Մենք՝ հայերս, սիրում ենք հպարտանալ, որ մեր մայրաքաղաքը «հավերժական քաղաք» Հռոմից էլ հին է։ Հիմնադրվելով նրանից 29 տարի առաջ՝ Երևանը երեք հազարամյակներում իր անընդմեջ գոյատևմամբ դարձել է հայ ժողովրդի հավերժականության չափանիշներից մեկը։ Դեռևս 18-րդ դարում, հայոց առաջին սահմանադրության նախագծի՝ «Որոգայթ փառացի» մեջ, որպես ստեղծվելիք հայկական պետության մայրաքաղաք, արդեն մատնանշվում էր Երևանը։ Այսօրվա իր զարգացմամբ նա մեր երկրի պետականության ու անկախության խորհրդանիշն է, նաև՝ մեր ժողովրդի ամբողջականության ու միասնականության խորհրդանիշը»,- իր ելույթն այսպես գեղարվեստորեն սկսեց Երվանդ Զախարյանը, իսկ հետո անցավ թվերի ու փաստերի ճշգրիտ լեզվին։
Ընդգծելով, թե կենսագործունեության հիմնական ոլորտներում հաջողվել է հաղթահարել անկախության առաջին տարիների դժվարությունները, քաղաքապետը փաստեց, որ Երևանն այսօր ամբողջությամբ դուրս է եկել ժամանակակից զարգացման ուղի, ինչին մեծապես նպաստել է նաև 2005-ից ուժի մեջ մտած մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը։ Այսօր լուսավորված են Երևանի 1000-ից ավելի փողոցներ, պուրակներ, հուշարձաններ՝ ընդգրկելով քաղաքի 90 տոկոսից ավելին։ Ամբողջովին վերականգնվել և զգալիորեն ընդարձակվել է 500 կմ երկարությամբ ոռոգման ցանցը` հնարավորություն ընձեռելով ամուր հիմքերի վրա դնելու եղած կանաչ գոտիների պահպանման և նորերի ստեղծման աշխատանքները։ 2003-2008 թվականներին քաղաքամայր Երևանում հիմնադրվել է 30 նոր զբոսայգի ու պուրակ՝ մեկ շնչին ընկնող հանրային նշանակության կանաչ տարածքը 90-ականների սկզբի 4,9 քառակուսի մետրից 2008-ին հասցնելով 7,2 քմ-ի։ Շուտով շահագործման կհանձնվի քաղաքային տնկարանն իր ջերմային տնտեսությամբ, ինչի շնորհիվ Երևանի կանաչապատումն այսուհետ կիրականացվի բացառապես այստեղ աճեցված հատուկ բուսատեսակներով։
«Տրանսպորտային գերխտացումը 21-րդ դարի անլուծելի թվացող խնդիր է դարձել ժամանակակից խոշոր քաղաքների համար,- նշեց Երվանդ Զախարյանը։ -Այս ոլորտում իրավիճակի շտկման մի ճանապարհն էլ մայրաքաղաքի հանրային փոխադրամիջոցների նախկին համակարգի բարեփոխումն էր, ինչը նախատեսում էր փաստացիորեն ամբողջովին ոչնչացված քաղաքային ավտոբուսային պարկի հիմնովին վերականգնում։ Այս իմաստով վերջին մի քանի տարիները վճռորոշ եղան, քանի որ այս ընթացքում ավտոբուսների նվազագույն քանակը հաջողվեց հասցնել շուրջ 400 միավորի, ինչն արդեն որակ է կազմում մայրաքաղաքի ուղևորափոխադրումներում։ Ամենակարևորն այն է, որ այժմ ինչպես ուղևորները, այնպես էլ մասնավոր ներդրողներն իրենք իսկ սկսել են նախապատվությունը տալ քաղաքային հարմարավետ ավտոբուսներին։ Կարծում ենք՝ առաջիկայում, ինչպես և նախատեսել էինք, հնարավոր կլինի միկրոավտոբուսների թիվը նվազեցնել մինչև 1500-ը, դրանով իսկ մեղմելով նաև տրանսպորտային խցանումների հետևանքով առաջացած անհարմարությունը Երևանի փողոցներում։ Զուգահեռաբար բարձրանում է մետրոպոլիտենի նշանակությունը մայրաքաղաքի ուղևորափոխադրումներում։ Վերջինիս աշխատունակության և անվտանգության ապահովման նպատակով, անկախությունից ի վեր առաջին անգամ, կառավարության կողմից միջոցներ են հատկացվել՝ շուրջ 20 տարի ծառայած ողջ շարժակազմի նորոգման համար»։
Երևանի քաղաքապետն անդրադարձավ նաև մայրաքաղաքի զարգացման հեռանկարային ծրագրին, նշելով, որ 2008-ը լինելու է մայրաքաղաքի կառուցման ամենաարդյունավետ տարին։ Ինչ վերաբերում է քաղաքաշինության բնագավառում նախորդ տարիների ձեռքբերումներին, Երվանդ Զախարյանն առանձնակի կարևորեց Հյուսիսային պողոտայի կառուցումը, որին երևանցիներս սպասում էինք արդեն քանի՜ տասնամյակ։ Նույն արագընթաց տեմպերով այսօր հընթացս կառուցապատվում է Կենտրոնի համալիրն ամբողջացնող Գլխավոր պողոտան։ Բոլորիս աչքի առաջ սեղմ ժամկետներում իրագործվեցին մայրաքաղաքի փողոցների ու երթևեկության համակարգի թողունակության բարձրացմանն ուղղված ընդգրկուն ծրագրերը Բաղրամյան, Օրբելի, Խանջյան, Մյասնիկյան պողոտաներում, «Այրարատ» կինոթատրոնին հարակից տրանսպորտային մեծ խաչմերուկում։ Երևանցիներիս համար անգնահատելի նվեր էր Սարալանջի արագընթաց մայրուղին, որի շինարարությունն ավարտին հասցվեց երկու տարում՝ հայ մեծանուն բարերար Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի միջոցներով։ Պետական բյուջեի միջոցներով էլ Մյասնիկյան և Հերացու փողոցներն Աբովյան պուրակին միացնող խաչմերուկում իրականացվեց տրանսպորտային թունելի շահագործումը։ Առաջիկայում ավարտին կհասցվեն Գետառի նախկին հունով անցնող նոր ճանապարհի վերջին հանգույցների շինարարական աշխատանքները, և կամբողջանա մայրաքաղաքի փոքր կենտրոնը շրջանցող առաջին արագընթաց ուղին՝ «Այրարատ» կինոթատրոնից դեպի Սարալանջ, այնտեղից էլ՝ Կոմիտասի պողոտա ու Դավթաշենի կամուրջ։ Արագընթաց այս մայրուղին էականորեն կփոխի տրանսպորտային հաղորդակցության վիճակը քաղաքի ամենաբանուկ ու լարված հատվածներից մեկում՝ թեթևացնելով նաև կենտրոնական մյուս փողոցների ծանրաբեռնվածությունը։
Անդրադառնալով տասնամյակներ շարունակ բարձիթողի արված կայանատեղերի խնդրին, Երվանդ Զախարյանը գոհունակությամբ փաստեց, որ հանրապետության նախագահի կողմից Երևանի քաղաքապետարանին մայրաքաղաքում ստորգետնյա կայանատեղերի աննախադեպ ծրագիր իրականացնելու հանձնարարական է տրվել։ Երևանի կենտրոնում արդեն իսկ ընթացքի մեջ է ժամանակակից քաղաքաշինության ամենաարդիական սկզբունքներին համապատասխանող ստորգետնյա ավտոհանգրվանների խոշորածավալ շինարարությունը, ինչը ևս լրացուցիչ խթան կդառնա մայրաքաղաքի տրանսպորտային գերծանրաբեռնվածությունը մեղմելու դժվարին խնդրում։
Երևանի քաղաքապետը շեշտադրեց նաև սոցիալական շինարարության ոլորտում հետևողականորեն աճող պետական ներդրումների փաստը, ինչը հնարավորություն ընձեռեց միայն այս տարի քանդման ենթակա 4-րդ աստիճանի վթարայնության շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու համար երկու բնակելի շենք կառուցել, որոնք շահագործման կհանձնվեն մինչև տարեվերջ։ Զուգահեռաբար կյանքի է կոչվում մայրաքաղաքի վերելակների հիմնանորոգման 3 մլրդ դրամ արժողությամբ աննախադեպ ծավալուն ծրագիրը՝ հանրապետության նախագահի անմիջական նախաձեռնությամբ։ Սա պետական մակարդակով իրականացվող լուրջ օգնություն է ինչպես մայրաքաղաքի բնակչությանը, այնպես էլ տեղական համայնքներին, որոնք այսօր ավելի նպատակային ու արդյունավետ գործունեություն են ծավալել բնակարանային ֆոնդի պահպանման ու վերականգնման ոլորտում։ Ամփոփելով ելույթը՝ Երվանդ Զախարյանը հիշեցրեց հանրապետության նախագահի ուղերձում մատնանշված տնտեսական զարգացման գերակայությունները։
«Երևանի առումով սա նշանակում է, որ սահմանված ժամկետներում պետք է իրագործվեն գլխավոր հատակագծով նախատեսված մայրաքաղաքի զարգացման բոլոր ծրագրերը։ Կառուցապատվելու են մայրաքաղաքի կենտրոնում գտնվող խարխուլ, կենցաղավարման և քաղաքաշինության որևէ չափանիշի չհամապատասխանող Կոնդի, Կոզեռնի, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից, 30-րդ թաղամասերը։ Օդանավակայանից Աջափնյակ կձգվի ամբողջովին նոր մայրուղի, շարք կմտնեն նոր թաղամասեր՝ ժամանակակից կառուցապատմամբ։ Կոնկրետ քննարկումներ են ընթանում Երևանի մետրոպոլիտենի հետագա զարգացման ուղղությամբ։ Կարծում ենք՝ ամենամոտ ապագայում երևանցիներին կուրախացնենք մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման վերսկսումով։ Ո՞րն է այս բարդ ու ծավալուն խնդիրների լուծման բանալին։ Հարցի պատասխանը տրված է հանրապետության նախագահի ուղերձում. պետության և հասարակության ջանքերի միավորումը։ Մենք պարտավոր ենք հավատավոր ազգ, միասնական հասարակություն լինել նաև մեր մայրաքաղաքի զարգացման հարցում։ Երևանը բոլորիս անգնահատելի սեփականությունն է, և մենք բոլորս պիտի պահպանենք ու զարգացնենք այն։ Միասի՛ն։
Հավերժություն և բարգավաճում մեր 2790-ամյա մայրաքաղաքին։
Շնորհավոր տոնդ, Երևա՛ն»։
Տոնակատարության գեղարվեստական մասը հանպատրաստից բեմադրվող կենդանի մի ներկայացում էր՝ սեփական արվեստում ինքնատիպ ձեռագիր և կոլորիտ թողած անվանի երևանցիներ Մարտին Վարդազարյանի և Վանուշ Խանամիրյանի, Հովհաննես Չեքիջյանի ու Նիկոլայ Ծատուրյանի, Ռաիսա Մկրտչյանի ու Երվանդ Երզնկյանի, Ռազմիկ Դավոյանի ու Կարեն Ջանիբեկյանի, Ռոբերտ Ամիրխանյանի և այլոց մասնակցությամբ։ Բեմում օպերայի այգու փոքրիկ մանրակերտ-դեկորացիան էր՝ Կարապի լճով ու բուտաֆորիկ սպիտակ կարապով։ Ողջ երեկոյի ընթացքում հանրապետության ճանաչված երգիչ-երգչուհիների կատարմամբ հնչեցին Երևանին ձոնված հայտնի ու հոգեպարար ստեղծագործություններ, որոնցից շատերը կիսաձայն երգում էինք նաև դահլիճում նստած երևանցիներս։
Հանդիսության ավարտին քաղաքապետ Երվանդ Զախարյանը Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց երեք հանրաճանաչ երևանցիների՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական էստրադային նվագախումբը երկար տարիներ ղեկավարած կոմպոզիտոր Կոնստանդին Օրբելյանին, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Վլադիմիր Մսրյանին և լեգենդար «Արարատ-73»-ի ավագ Հովհաննես Զանազանյանին։
«Այսօրն ինձ համար, դահլիճում ներկա գտնվող բոլոր երևանցիների համար բացառիկ անմոռանալի օր էր,- հանդիսության ավարտից հետո «Իրավունքը de facto»-ին ասաց Կոնստանդին Օրբելյանը։ -Երբեք չեմ մոռանա այս օրը։ Երեկոն այնքան տաք էր, այնքան անկրկնելի ու հուզիչ։ Ինձ համար մեծ պատիվ ու անպատմելի ուրախություն է Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանանալը։ Այս օրն իսկական տոն էր բոլորիս համար։ Մեր շատ սիրելի Երևանի ծննդյան տոնը։ Տոն, որ միշտ մեզ հետ է»։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 9111

Մեկնաբանություններ